Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

«Հայ ըլլաս ու Metropolitan-ում երգե՞ս…»

«Հայ ըլլաս ու Metropolitan-ում երգե՞ս…»
23.08.2026 | 12:11

Այս տողերը գրել եմ հորեղբորս խոսքերով։ Առաջին անգամ նրանից եմ լսել այս անունը։
Նա ասում էր մի նախադասություն, որը չի մոռացվում.
- Հայ ըլլաս ու Metropolitan-ում երգե՞ս…
Կար ձայն, որը չէր կարելի չլսել։
Խորը, մուգ, թավշյա ու հզոր կոնտրալտո՝ մի տեմբր, որն օպերայում հազվագյուտ է։ Ձայն, որի մեջ կարծես մի ամբողջ ժողովրդի հիշողություն կար։
Նա Լիլի Չուգասզյանն էր։
Ծնվել է 1921-ին Չիկագոյում՝ Խարբերդից գաղթած հայ ընտանիքում։ Հայերենը նրա առաջին լեզուն էր, ու այդ արմատի հպարտությունը նա տարավ իր ողջ կյանքով։ Ինքն էր ասում, որ իր մեջ միշտ երկու աշխարհ է ապրել։
Իր ճանապարհը սկսել է ոչ թե օպերայից, այլ եկեղեցու երգչախմբից ու ռադիոյից։ Երկար տարիներ եղել է համերգային երգչուհի։ Օպերային բեմ է մտել ուշ՝ 38 տարեկանում, Բելլինիի «Նորմա»-ում՝ Ադալջիզայի դերով։ Շատերի համար դա վերջն է, նրա համար՝ սկիզբը։
Այդ ելույթից հետո նրան նկատեց լեգենդար Ռոզա Պոնսելը, որը դարձավ նրա ուսուցիչը, առաջնորդն ու մտերիմ բարեկամը։ Նա էր, որ նրան պատրաստեց մեծ բեմի համար։
Ու եկավ Մետրոպոլիտենի առաջարկը։ 1961-ին Լիլին հրաժարվեց։ Պատճառը շատ կին էր, շատ մարդկային՝ չէր ուզում մեծ կարիերան իրեն հեռացնի ընտանիքից, ամուսնուց ու երեխաներից։ Մեկ տարի անց, երբ արդեն վստահ էր, որ կկարողանա երկուսը համատեղել, ընդունեց։
1962-ի մարտի 9-ին նա առաջին անգամ կանգնեց Մետրոպոլիտենի բեմում՝ «Ջոկոնդա»-ում։ Այդ օրվանից սկսվեց 24 տարի տևած պատմություն։ Ավելի քան 290 ելույթ, Վերդիի Ազուչենան ու Ամներիսը, Ուլրիկան, Մադալենան... Այդպիսի բեմեր պատահական մարդկանց չեն հրավիրում։
Բայց ինձ համար այս պատմության ամենակարևորը Մետրոպոլիտենը չէ։
Այլ այն, որ երբ նա երգում էր, այդ ձայնի մեջ ոչ միայն օպերա էր հնչում։ Գուցե այնտեղ կար նաև այն հայրենիքի կարոտը, որը նա ժառանգել էր ծնողներից, թեև ինքը ծնվել էր Ամերիկայում։
Իր համերգներում նա երբեք չէր մոռանում հայկական երգը։ Կոմիտասի «Կռունկ»-ը նրա կատարմամբ այլ պատմություն էր դառնում, և ոչ պատահական է, որ նրան համարում էին հայկական երգերի անզուգական կատարող։
Այդ կարոտը նրան բերեց Հայաստան։ 1997-ին,
արդեն 76 տարեկանում,
նա եկավ Երևան ու երգեց Օպերային թատրոնում՝ «Աիդա»-ում և Չուխաջյանի «Արշակ Բ»-ում։
Ինքն էր ասում, որ դա իր կյանքի ամենահուզիչ վերադարձն էր։
1986-ին նա իջավ օպերային բեմից, բայց ոչ երաժշտությունից։ Գնաց դասավանդելու Յեյլի համալսարանում, որտեղ 2002-ին արժանացավ Սենֆորդի մեդալին՝ համալսարանի բարձրագույն պարգևին։
Լիլի Չուգասզյանը մահացավ 2012-ին, 90 տարեկանում։
Ես մտածում եմ՝ մենք մեր մեծերին կորցնում ենք ոչ թե նրա համար, որ նրանք քիչ բան են արել։
Այլ նրա համար, որ մենք բավարար չենք պատմել նրանց մասին։

Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ
Դիտվել է՝ 901

Մեկնաբանություններ